ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Բոլոր պատասխանները մենք պետք է ստանանք՝ ո՞վ էր դաշնակից, որքանո՞վ, ինչպե՞ս և ի՞նչ անելով»

«Բոլոր պատասխանները մենք  պետք է ստանանք՝ ո՞վ էր դաշնակից, որքանո՞վ, ինչպե՞ս և ի՞նչ անելով»
12.04.2016 | 00:20

Փաստ է՝ հայերին դժվար է հաղթել դրսից: Իրողություն, որ ապացուցվեց ապրիլյան անցած երեք օրերին, երբ արտաքին վտանգը մեր բաց մատները վերածեց բռունցքի՝ ազգային ոգու, արժանապատվության և միասնական կամքի: Այս և այլ հարցերի շուրջ է մեր զրույցը ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ հետ:

-Պարոն Մանուչարյան, ըստ Ձեզ, այսօր լիարժե՞ք հրադադար է: Եթե վաղն Ալիևը ձախ ոտքի վրա արթնանա՝ նորից չի՞ վերսկսվի պատերազմը:
-Այդ հարցերի պատասխանը կարելի է տալ և՛ նեղ, և՛ լայն իմաստով: Սկսենք նեղից. Ալիևն այստեղ ոչ մի դերակատարում չուներ. մետաղյա ձայնով իրեն ասել են, որ այդ քայլն անի, հետո պետք է լսեինք և կարծես լսեցինք մետաղյա մի այլ ձայն, որը բացահայտ հրահանգեց անմիջապես դադարեցնել` դադարեց, բայց երեք օրից: Մեծ իմաստով կա հետևյալը. երեք օրով մենք հայտնվեցինք այն դերում, որում պիտի լինեինք, որպեսզի լինենք այն, ինչ կանք իրականում: Այսինքն, մենք օլիգարխ, նախագահ չենք, էստեղ-էնտեղ կյանքը վառող ջահել չենք, դա եղավ բացարձակ մոբիլիզացված և մարդկային կերպարանք ձեռք բերած, խորքային հայկականություն, այն, ինչն անընդհատ դրսևորվում էր՝ ամենաանսպասելի մանրուքներից սկսած, ավարտած այն փաստով, որ աշխարհի բոլոր կետերից տոմս են պատվիրում այս օրերին Երևան գալու համար, ոչ թե դուրս են գնում, ինչպես այսօր ընդունված է ամբողջ աշխարհում՝ փախչում են, այլ հակառակը: Հարցնում եք՝ սա կրկնվելո՞ւ է, թե՞ ոչ: Հույսներս դնենք Աստծո վրա, որ Պուտինին իմաստություն տա կամ Էրդողանին՝ խիղճ, երրորդին՝ չգիտեմ ինչ. սա խնդրի մի մոտեցումն է, և եթե մեզ մատուցվել է հայկականության շնորհը, ես համոզված եմ՝ ճակատագիրը մեզ տեղ չի թողել, որ հույսներս դնենք այլոց վրա, մենք պիտի կարողանանք անել այն, ինչի համար ստեղծված ենք: Մարդկությունը հիմա շիզոֆրենիկ վիճակում է, և էդ շիզոֆրենիայի դրսևորումներից մեկն է, որ արդեն մեր գլխին հարյուր տարուց ավելի դրսևորվում է այն ձևով, որ բացարձակապես անընդունելի է, այն, ըստ էության, չի ընդհատվել, որովհետև այն, ինչ կատարվեց այսօր, 30 տարի անդադար դրսևորվում է, մենք այսօ՛ր տեսանք, ասացինք՝ վա՜յ: Այո, մենք հանգիստ, մեր էությունից դուրս կյանքով հանգիստ գլորվում էինք, մեկ էլ այդ «վայը» պահանջեց շատ ծանր վճար, և ես էլ ցանկանում եմ այդ հարցը ձեր միջոցով վերադարձնել բոլորին և պատասխան ստանալ. այդ երեք օրը անցա՞վ, տասնյակ զոհերը վերածեցինք սպորտային խաղի վճռի՞՝ այսքան տասնյակը մերն է, այնքան հարյուրը՝ նրանցը: Ես համոզված եմ՝ մեր ժողովուրդը չի տալու այդ պատասխանը, և թույլ չի տալու, որ եթե մեկն այնքան թույլ էր, որ էլի գլորվեց՝ բռնելու է ու հետ բերի՝ ով ուզում է լինի, նախագահից և օլիգարխից սկսած, շարքային երիտասարդով վերջացրած: Ես համոզված եմ՝ ոչ ոք համաձայն չէ, որ նորից վճարենք նույն ձևով:
-Ասում են՝ Ադրբեջանի սանձազերծած բլիցկրիգը պլանավորվել էր մի քանի մայրաքաղաքներում, բայց ծրագիրը ձախողվեց: Ըստ Ձեզ, որո՞նք են հիշյալ մայրաքաղաքները:
-Այսօր կա ամեն ինչ որոշող մի մայրաքաղաք, մյուս մայրաքաղաքներում «նստած» են նրա, այսպես ասած, ներկայացուցչությունները. դա փողի աշխարհի, հարստության, հաճույքի մայրաքաղաքն է, որն այսօր հիմնականն է երկրագնդի վրա և թելադրում է ամեն ինչ: Հիմա բոլոր մայրաքաղաքներն ապրում են ազգային շահերով, և նրանցով առաջնորդվող ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը դիմում են մարտնչող կողմերին՝ առաջարկելով, որ դադարեցնեն այդ մարտը: Նրանց բացարձակապես չի հետաքրքրում, որ մի կողմը հարձակվել է, մյուսը պաշտպանվում է: Ո՞վ դադարեցնի կրակը՝ ում մորթո՞ւմ են, թե՞ ով մորթում է: Սրանք այդ մայրաքաղաքների համար մանրուք են, որովհետև իրենց ազգային շահերը դա են պահանջում: Իսրայելի ազգային շահը թելադրում է, որ նա անօդաչու սարք վաճառի Ադրբեջանին՝ մեզ ռմբակոծելու համար, իսկ նրա պառլամենտի փոխնախագահը գա և մեր Եղեռնի զոհերի հուշարձանին ծաղկեպսակ դնի: Մի կողմից՝ անօդաչու սարք, մյուս կողմից՝ ծաղկեպսակ, և ասի, որ այս երկուսը իրար չեն հակասում, և սա կոչվում է ազգային շահերի սպասարկում: Մենք էլ նույնն ենք. 90-ականների կեսերին Ռուսաստանի հետ բլոկադայի էինք ենթարկում Աբխազիան՝ պարտադրելով նրան մնալ Վրաստանի կազմի մեջ: Ամենաանբարո գործարքին էինք մասնակցում մենք բոլորս՝ ազգային շահերի թելադրմամբ: Իհարկե, կար երկաթուղու հարցը, բայց դա թելադրում էր ոչ թե այն, որ բլոկադայի ենթարկես, այլ ակտիվ լինելով լուծումներ փնտրես: Մենք առաջնորդվում էինք աշխարհի կանոններով: Այդպես եղել է և մնում է միշտ, և այդ փիլիսոփայությամբ մենք գտնվելու ենք այս շրջանակի մեջ: Աշխարհն էլ այնպես է կառուցված, որ ճակատագրի «ընտրյալն» ենք եղել, ամեն ինչ տեսել ենք, ամեն մի տառապանք այնպիսի խտացում է առաջացրել, որ դերակատարում ունենանք այսօրվա մարդկության վերջին հազարամյակի ուժեղագույն ճգնաժամի հաղթահարման մեջ: Մարդկային ատելությունը հասել է իր կիզակետին, փող ստեղծելու մարմաջը, հսկայական ատելությունը, արյունը, անմարդկային բաներ առաջացնող գործիքը միասին են գործում, և այդ մեր օրերի «Իսլամական պետություն» անվանումը ստացած, աշխարհի համար տեսանելի դարձած գործիքը ստեղծվել է մի տարածքում, որտեղ ապրում ենք մենք՝ հայերս: Մենք մոռացել ենք, որ այս վերջին փուլը սկսվեց Քեսաբում: Կամ որ ատելության քաղաքականությունը Ադրբեջանը, 25-30 տարի է, շարունակում է, և այն վայրագությունները, որ եղել են 100 տարի առաջ հայերի նկատմամբ, ԻՊ-ն այսօր անում է նույնը: Համաշխարհային ատելությամբ ստեղծված այդ խմբավորման վայրագությունները եթե ուրիշներն առաջին անգամ են տեսնում և սարսափում, 100 տարի առաջ մենք տեսել ենք, որովհետև հիմնական գործիքը, գործարանը, որը ստեղծեց այդ ԻՊ-ը, Թուրքիան է, իսկ Թուրքիայում այդ գործարանի տնօրենները աշխարհի հզորներն են և իրենց գործերը համակարգող համաշխարհային փողը: Գործիքը Թուրքիայում ստեղծեցին, առաջին փորձարկումը եղավ Քեսաբում, հետո անցավ Սիրիա, Իրաք՝ անցնելով հայերի վրայով: Այդ ամենը մեզնից հեռու էր. մենք պոնչիկ ուտելով, հաճույքներ ստանալով ապրում էինք. մեզ ի՞նչ, թե Սիրիայում հայեր են մորթում կամ, առավել ևս, ոչ հայեր: Չհասկացանք Քեսաբում, Սիրիայում եղածը, բայց երբ նույնը եղավ այստեղ, մենք մեր մի քանի տասնյակ երիտասարդներին տարանք զոհասեղան և ասացինք. այ, վճարեցինք, հիմա՝ ի՞նչ... Մենք հզորագույն համակարգ ենք, դա մենք տեսանք, երբ լարվածությունը սկսեց մոբիլիզացվել, և այդ համակարգը մի ակնթարթում ցույց տվեց, որ ինքը կա, կենդանի է: Այն ամբողջացնող մտավորականությունը, քաղաքական, ռազմական, հոգևոր գործիչները ի՞նչ են անելու, ոնց են գործելու: Սա է հարցը, և պատասխանն էլ ինձ համար միանշանակ է. այն տասնյակ երիտասարդները, ովքեր ավելի ողջ են, քան մեկ շաբաթ առաջ էին, նրանք կոշտ թելադրողներ են, և չեմ կարծում, որ որևէ մեկը կլինի, որ նրանց ասածն այսօր չհասկանա:
-Ի՞նչ ընթացք կունենան զարգացումները, եթե նկատի ունենանք, որ հայկական բանակը, ըստ էության, խառնեց բոլորի ծրագրերն ու հաշիվները:
-Երկու պահ կա այստեղ. մեկը «սատանի մայլի քյանդրբազությունները» (էսօրվա աշխարհի նրբություններն են դրանք), այսինքն, դա մի խոսակցություն էր ոչ այնքան մեզ հետ, որքան մեր միջոցով ուրիշների. հզորները մեկը մյուսին ցույց էին տալիս, որ իրենց տարածքում մեկը մյուսի համար պրոբլեմներ կստեղծեն: Ես հիմա չեմ անդրադառնա այդ մեխանիզմներին, որովհետև նախնական են այդ գնահատականները. սա ընթացքը ցույց կտա, և կհասկանանք՝ ով ինչ և ոնց էր անում: Բայց կա մեզ համար կարևորագույնը. Թուրքիայի տարածքում ստեղծված շրջակա տարածքներում անդադար արյունահեղություն սփռող ատելության համակարգը: Դա չի նշանակում, որ թուրք ժողովուրդը միայն դա է, որովհետև այսօր կան տասնյակ թուրքեր, որ ապրիլի 24-ին մեկնում են Փարիզ և ծաղկեպսակ են դնում Կոմիտասի հուշարձանին, հետո «Հայաստան» հիմնադրամին փող են մուծում՝ համարելով, որ պետք է լինի նյութական, մարդկային, հայրենիքի հատուցում: Հայերին պետք է վերադարձնեն իրենց հայրենիքը, Թուրքիան պարտք է հայ ժողովրդին: Սա թուրք մտավորականների Թուրքիան է, որի հետ մենք խոսում ենք, բայց կա Էրդողանի Թուրքիան, և խնդիրը ինչ-որ անձի մեջ չէ: Այդ երկիրը անդադար եղել է սպանդի մեքենա, այդ դաժան մեքենան պետք է կազմաքանդվի, վերացվի աշխարհից, և ստեղծվի այն Թուրքիան, որը նորմալ երկիր կլինի, ազատ ժողովուրդների երկիր: Ադրբեջանում նույնպես կան ադրբեջանցիներ, որ փրկում էին հայերին, ես տասնյակ օրինակներ գիտեմ, հազարավորներ են եղել: Սակայն դա չէ էականը, այլ այն, որ մարդ ոչնչացնող նույնատիպ մեքենա կա նաև Ադրբեջանում: Այն կարող էինք կոտրել ¥90-ականներին դարձել էինք ազգ-բանակ¤, կազմաքանդում էինք Ադրբեջանի համակարգը՝ ստեղծելով, ձևավորելով ուրիշ Ադրբեջան՝ գուցե մի քանի անկախ պետություններով կամ կոնֆեդերատիվ կապի մեջ, բայց մեզ կանգնեցրին աշխարհի հզորները, ասելով՝ մենք ամեն ինչ կնորմալացնենք: Նրանք մեզ խաբելով պահպանեցին այդ ատելության գործիքը և այն աշխատեցնող մեխանիզմները՝ իրենց գործերը կարգավորող գործիք որպես:
-Ո՞Ւմ ձեռքով կանգնեցրին:
-Ես այսօր հատուկ չեմ շեշտի այդ երկրները, չեմ շեշտի մի պատճառով, որովհետև հիմա մեզ փորձում են մտցնել աշխարհաքաղաքական ուղղվածությունների մեջ: Ինչն է մեզ համար կարևորագույնը՝ բոլոր ժողովուրդները դաշնակից են: Բոլոր տեղերում, ուր մենք ապրում ենք, հավատարիմ քաղաքացիներն ենք այդ երկրի, և այսօր բոլոր երկրների ժողովուրդները, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի, ուզում են թոթափել այս ամբողջը: Հիմա մենք դաշնակից լինող ժողովուրդների և գործիչների հետ պետք է կարողանանք այդ խնդիրը լուծել, և այստեղ շատ կարևոր դեր ունի հայկական բանակը: Ոչ թե այն բանակը, որն այսօր կանգնեց և լուծեց հարցերը և լուծեց ուրիշ ձևով, նրանով, որ մեր երեխաները հերթական անգամ ցույց տվեցին, որ ոչինչ չի կարող իրենց վրայով անցնել: Բացարձակապես ոչինչ: 18 տարեկան տղաները մեր ապրած կյանքի բոլոր բացերը ծածկեցին: Խնդիրը հիմա ուրիշ կարգի բանակ ունենալն է՝ հիբրիդային պատերազմի պատրաստ: Բանը չպիտի հասնի նման տաք գործողությունների. ինչո՞ւ Վրաստանում գյուղացիների մի խումբ Բաքու-Ջեյհան նավթամուղի մեջ մտնելով՝ խողովակով նավթ է քաշում մի քանի տարի, և մինչև բռնվելը վաճառում է, իսկ Հայաստանի հատուկ ծառայությունները չեն կարողացել 50 տեղից ծակել կամ հատուկ սարքեր տեղադրել, որ ամեն մի կրակոցի փորձից առաջ պայթի այդ խողովակը, որով գնում է այդ ատելությունը իրականացնող ամբողջ շարժումը՝ աշխարհից դեպի Ադրբեջան, Ադրբեջանից դեպի աշխարհ:
-Ի՞նչ երաշխիք ունենք, որ վաղը Ադրբեջանը «Սմերչով» չի հարվածի, կուտակած ռազմատեխնիկայով չի փորձի իրավիճակ փոխել կամ խաղաղ քաղաքացիների ականջ ու գլուխ չի կտրի նորից:
-Միակ երաշխիքն այն է, որ աշխարհում հայտնվի մի ուժ, որը խոսում և ձևավորում է ուրիշ հարաբերություններ: Ատելության գործիքը պետք է կոտրվի, նման Ադրբեջան (ինչպես նաև Թուրքիա) գոյություն չպիտի ունենա: Ո՞վ է այդտեղ մեր դաշնակիցը՝ ժողովուրդները, նախ և առաջ: Ժողովուրդներն առաջին զոհն են դառնում, որովհետև այդ մսաղացի մեջ մի քանի հարյուր ադրբեջանցի երեխա գցեցին, իսկ մսաղաց էին սարքել, որովհետև այդ տարածքներում պետք է պահպանեին ատելությունը: Սա պետք է հաղթահարվի: Մենք ունենք աշխարհի օրենքներն իմացող շատ լավ մարդիկ և ապագա աշխարհի ուրվագծերը ստեղծող մարդիկ: Այդ ամենն ունենալով՝ պետք է ոչ երկնքում սավառնենք, ոչ էլ ընկած մնանք այս կեղտաջրի մեջ, որը կոչվում է ժամանակակից աշխարհ: Այդ ներուժը մեր հայկական համակարգի մեջ կա, և այսօրվանից սկսած մենք առաջնահերթ պիտի ստեղծենք դա:
-Դա՞ նկատի ունեք, երբ ասում եք՝ նոր տիպի հայկական բանակ:
-Հայկական նոր բանակ երբ ասում եմ, մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ մեր ողջ պատմության մեջ մենք եղել ենք ազգ-բանակ: Դա ի՞նչ է նշանակում. մեր երգիչը եղել է բանակ, որովհետև նա ունի մարդու սիրտը շահելու, մի ուղղությամբ տանելու (այդ թվում՝ օտար ժողովուրդների) իր բանակային պարտքը. ինքը գործում է որպես զինվոր այն բանակի, որի սահմանումը տվել է Թումանյանը. «Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս, ու գնում ենք մեր ճամփով»: Եթե հանկարծ մենք մեր ուխտը խախտում ենք, դառնում ենք ուրիշ բան՝ շահի համակարգի բաղկացուցիչ մասը, և ստանում ենք այն, ինչ ստացել ենք: Ես կրկնում եմ՝ մենք ոչ մի վայրկյան չենք մոռանալու շահի համակարգը, և գործելու ենք՝ ելնելով այն օրենքներից, որ հաստատված են այստեղ, բայց միևնույն ժամանակ ապահովելով այդ շարժումը դեպի առաջ:
-Հստակ է, որ առանձնապես տարբերություն չկա ԻՊ-ի և ադրբեջանցի զինյալների միջև: Ի՞նչ եք կարծում, Ադրբեջանը պատասխան տալո՞ւ է միջազգային հանրություն կոչվածին՝ կատարած վերջին վայրագությունների համար:
-Պատասխան տալու ամենամեծ խնդիրն այն է, երբ փոխում, կոտրում ես համակարգը. դա պետք է կարողանաս անել, այլապես հաագաներ և այլ կառույցներ այդ նույն համակարգի բաղկացուցիչներն են: Դրա համար էլ այդ տիպի պատասխանատվության մասին չէ խոսքը, այլ որ ժողովուրդները կարողանան սա հաղթահարել, չթողնեն իրենց գործիքի վերածել, և այստեղ մենք ունենք շատ կարևոր դաշնակիցներ: Ինձ հարցեր են տալիս «Սմերչից», Ռուսաստանի հետ կապված, ես էլ ասում եմ, այնտեղ մի Դենիս Դվորնիկով կար, որը հրապարակել էր իր դիմումը հայ ժողովրդին: Ֆանտաստիկ դիմում է, և, եթե ձեր թերթը դա էլ հրապարակի, ավելի մեծ գնահատական չկա: Նա իրեն ներկայացնում է ոչ միայն որպես եղբայր, մեզ շատ բարձր բարձրացրած եղբայր: Ինձ համար կարևոր է՝ սա՞ է մեզ համար լինելու Ռուսաստանը, թե՞ նա, ով «Սմերչ» տվեց որպես գործիք: Ես չգիտեմ, ինչո՞ւ չեն պայթել այդ արկերը, և ինչու եղան սարքեր, որ աշխատեցին: Բոլոր պատասխանները մենք պետք է ստանանք և իմանանք՝ ո՞վ էր դաշնակից, որքանո՞վ, ինչպե՞ս և ի՞նչ անելով: Ոչ միայն Ռուսաստանը. բոլորը, բոլորը, բոլորը: Բայց ամենից կարևորը ինձ համար Դվորնիկովի կերպարն է. նա կա բոլոր տեղերում, և այդ մարդու հետ է, որ մենք պիտի կազմենք այն բանակը, որով ստեղծելու ենք նոր աշխարհը:

Հարցազրույցը՝
Գայանե ԱԹԱՆՅԱՆԻ

Դիտվել է՝ 18585

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ